Ուսումնահայրենագիտական ճամփորդություն Արայի լեռ

Արայի_լեռը_Ապարանի_ճանապարհից

Սեպտեմբերի 21-ին

Մասնակիցներ՝

Երաժշտության կենտրոնի դասավանդողներ և սովորողներ:

Բարձրանալու ենք Ապարանի կողմից, անտառային հատվածով:

Արա լեռ կամ Արայի լեռ լեռ Հայաստանում, գտնվում է Կոտայքի և Արագածոտնի մարզերում[1]։ Նրա լանջին է գտնվում Ծաղկեվանքը,

որ նախորդ ճամփրոդությունը դեպի Արա լեռ սահմանափակվեց Ծաղկեվանքով:

Այս անգամ կփորձենք Ապարանի կողմով մոտենալ լեռանը և անպայման կբարձրանանք  Աքլորաքար, քանի որ լեռան ամենաբարձր գագաթն է։2577մ:

նպատակը՝

  • սովորողների և դասավանդողների խմբերին ծանոթացնել Հայկական  լեռնաշխարհի գեղեցիկ լեռներից մեկին՝ Արայի լեռանը:
  • Սովորողների մոտ բարձրուքներ նվաճելու գիտակցության ձևավորում:

Արդյունքները՝  հայրենագիտական, ուսումնական արշավի մասին սովորողների և դասավանդողների տպավորությունների  մասին պատումների, կազմած նյութերի հրապարակում:

Կոմիտասյան օրերին ընդառաջ

Կոմիտասի հոդվածները ժողովրդական երաժշտության մասին

study_left1a

Աղբյուրը. Կոմիտաս. Վիրտուալ թանգարան

 

ԿՈՄԻՏԱՍԻ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԵՎ ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԵՐԳԵՐԸ

Ի՞նչ է ազգային երաժշտությունը, ի՞նչ է նյութ տալիս ազգային ժողովրդական երգերին։ Արդյոք նրա հպարտ լեռները, խոր ձորերը, դաշտերը, բազմազան կլիման, պատմական հազար ու մի դեպքերն ու անցքերը, ժողովրդի ներքին և արտաքին կյանքը.– այո՛, այս բոլորը, բոլորը նյութ են կազմում ազգային երաժշտության, մի խոսքով՝ այն ամենը, ինչ ազդում է այդ ազգի զգայարանքների և մտքի վրա։

Մեր երաժշտությունը երկու գլխավոր խմբի է բաժանվում

1. Եկեղեցական
2. Աշխարհական կամ ավելի ուղիղն ասած՝ ժողովրդական։
Այս երկու խմբի եղանակները այն հատկանշական երեւույթն են ներկայացնում, որ և՛ ձայնը, և՛ խոսքը, կամ ուրիշ բառերով՝ և՛ երաժշտությունը, և՛ բանաստեղծությունը միաժամանակ և միեւնույն անձի ստեղծագործության կնիքն են կրում։

Այժմ անցնենք մեր ժողովրդական երգերին։ Այդ երգերը բաժանվում են հետևյալ տեսակների

1. Մանկական երգեր
2. Պարերգեր
3. Դյուցազներգեր
4. Մահերգեր
5. Հարսանեկան երգեր
6. Բնության երգեր

Ոմանք, անկարող՝ իջնելու մեր եղանակների խորքը, անկարող՝ նրանց վերլուծելու, դատելով նրանց արտաքին, եթե կարելի է այսպես ասել՝ կեղևային, մակերևութային կազմությունից, եզրակացնում են, որ մեր ժողովրդական և եկեղեցական եղանակները բոլորովին տարբեր նկարագիր ունին։ Այդ թյուրիմացության պատճառը գլխավորապես թուրք և պարսիկ երաժշտությունների ազդեցությունն է։ Օրինակ, Կ. Պոլսի տիրացուները ամիրաներին դուր գալու և նրանց զվարճացնելու համար սկսել են եկեղեցական եղանակները շարգիների, թյուրքիների և մանիների ազդեցության տակ կլկլացնել, զարդարել. այսպիսով շարականների, մանավանդ տոնականների վրա պատվաստվել է օտար ոճը և պղտորել նրանց հարազատությունը։ Այդ թյուրիմացության հիմք են ծառայել նաև այն եկեղեցական երգերը, որոնք պատկանում են կիլիկյան շրջանին և ուր նկատվում է խորապես արաբ երաժշտության ազդեցությունը։
Մեր ժողովրդական և եկեղեցական եղանակները հավասար չափով չեն զարգացած։ Առաջինները արտաքին քաղաքական պայմանների ազդեցության տակ ճնշվել, սեղմվել, ամփոձվել են, առանց կորցնելու իրենց խորությունը և արտահայտիչ ուժը։ Իսկ երկրորդները, եկեղեցու անձեռնմխելի հովանու տակ աճել, ընդլայնվել եւ զարգացել են։

ՀԱՅ ԳԵՂՋՈՒԿ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ

Հայ գուսաններն ունին, ժողովրդականից անկախ, ինքնուրույն դպրոց։ Գուսանական դպրոցները երկու տեսակ են։ Առաջնին պատկանում են կրթվածները, երկրորդին՝ անուսումները։ Վերջինները մի կամուրջ են կապում բուն ժողովրդականի և կրթված գուսանական դպրոցի մեջ։ Երգում են օտար կամ մայրենի լեզվով. օտար եղանակներն՝ անշնորհք, աղավաղված, իսկ հայ շինական երգերը՝ թեպետ բավական ուղիղ, բայց թաթարական, ծուռ ու մուռ, անկայուն և անճաշակ տարախաղությամբ։
Կրթված գուսաններն ավանդաբար նախանձախնդիր են արաբ, պարսիկ և տաճիկ երաժշտության, թեպետ մեկ-մեկ էլ երգում են ժողովրդական եղանակներ, բայց ավելի զվարճացնելու, քան ճաշակ տալու նպատակով, որովհետեւ անարվեստ, թեթև, անոճ եւ իրենց դպրոցի ոգուն հակառակ են համարում։
Սոքա երգում ու նվագում են, վերջին ժամանակներս, ավելի հայերեն լեզվով, բայց արաբ, պարսիկ և տաճիկ գուսանական բանաստեղծության և երգագրության օրենքներով։ Շատ անգամ պատրաստի եղանակներին հարմարեցնում են նոր բառեր։

Երգաստեղծության շնորհը գեղջուկի համար մի բնատուր պարգեւ և, ամենքն էլ, լավ կամ վատ, խաղ կապել և երգել գիտեն: Նա սովորում է երգաստեղծության արվեստը հենց բնության գրկում, որ նորա անդավաճան դպրոցն է։

Գյուղում ամենքն էլ, լավ կամ վատ, երգել գիտեն, որովհետև մասնակից են երգաստեղծության կամ երգասության։ Բայց և ոչ մեկը չգիտե, թե ո՚վ է կապել խաղը, որովհետեւ բոլորը միասին են հյուսում։ Ոչ մեկը չգիտե, թե որտեղ է հյուսել, որովհետև խաղ ստեղծել կարելի է ամեն տեղ։ Ո՛չ մեկը չգիտե, թե ինչպես է հորինել, որովհետև երգաստեղծությունն ինքնաբեր կարողություն է։Ո՛չ մեկը չգիտե, թե երբ է հնարել, որովհետև յուրաքանչյուր րոպե հետը բերում է նոր տրամադրություն։

Գյուղացու համար երգեցողությունն էլ մի այնպիսի սովորական և բնական գործողություն է, որպիսին մեզ համար առօրյա խոսակցությունն է. եթե չգրենք այսօրվան արածը, կամ հոգ չտանենք մտքում պահելու, հետո կամ չենք հիշի, կամ շատ-շատ բովանդակությունը կմնա։

Ժողովուրդն արվեստական երգեցողություն ասած բանը չգիտե. յուրաքանչյուր երգ իր տեղում, իր ժամանակին է ստեղծում կամ սովորում – գործի ժամին՝ գործի երգ. տանը՝ տանու երգ միայն կասեն։ Ոչ մի գյուղացի, տանը նստած, կալի երգ չի ասի, որովհետեւ կալերգն ստեղծելու և ասելու տեղն է կալը։
Յուրաքանչյուր երգ կապված է գյուղական կյանքի մեկ րոպեյի հետ է տալիս և միայն այդ րոպեյի հաշիվը։ Ժողովուրդը ժամանակից և տեղից բաժան երգ չի հասկանում, չի ստեղծում և չի էլ գործածում։
Հայ ժողովրդական երգեցողությունն ունի թե՝ միայնակ և թե՝ խմբովին երգեցողություն։

Թեպետ հայ ժողովրդական երաժշտությունը բազմաձայնություն չգիտե, բայց և հաճախ պատահում են դեպքեր, որոնք ցույց են տալիս կանոնավոր երկձայնի նշաններ։

ՀԱՅՆ ՈՒՆԻ ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ
Աշխարհի ո՞ր երաժշտությունն անխառն ու անապակ է, մեր գիտցածով, միայն անասուններունը, որոնք նույն ձայնն ու նույն ելևէջը կերգեն, զի փոխառության շնորհք չունին։

Ազգերու փոխադարձ ազդեցությունն անուրանալի և անհերքելի փաստ է, որովհետև անազդեցիկ մնացած ազգ չկա, յուրաքանչյուր ազգ, ինչ որ չունի, ունեցողներեն, պետք զգացած ժամանակ, փոխ կառնե և կազգայնացնե։

Ազգի մը լեզուն ու գրականությունը կարող են ձևափոխվիլ ու զարգանալ՝ օրինակ առնելով ուրիշ ազգերեն, բայց երբ ան ինքնահատուկ լեզու և գրականություն ունի, ունի և ինքնուրույն երաժշտություն։
Եթե ճշմարտություն են այս բոլորը, ապա ուրեմն, ճշմարտություն է և այն, որ մեզ տվին նույնպես և երաժշտություն, որ այնքան հարազատ է ու ազգային և այնքան ինքնուրույն է ու ինքնատիպ, որքան իր լեզուն ու գրականությունը, որովհետև յուրաքանչյուր ազգի երաժշտությունն իր ազգի հնչական ելևէջներեն կը ծնի ու ծավալի։ Հայ լեզուն ունի իր հատուկ հնչավորությունը, ուրեմն և՛ համապատասխանող երաժշտություն։

Խեղճ հայ ժողովուրդ. ազգ ես և ինքնուրույն այնքան, որքան մյուսները. այդ ոչ ոք կարող է հերքել։ Ունիս հատուկ լեզու,կը խոսիս։ Ունիս հատուկ ուղեղ, կը դատես։ Ունիս հատուկ մարդաբանական կազմ, որով կը զատվիս այլ ազգերեն ու անոնց կազմեն։ Սակայն սիրտդ, որ զգացմանցդ աղբյուրն է, քուկդ չէ եղել. այլ, մի ինչ որ ասորա-բյուզանդական եւ հնդկա-պարսկական է եղել։
Ճանապարհ կա, ճանապարհ կա։ Բերնեն ականջ շա՛տ կարճ է. բանեն փաստ՝ շատ երկար։

ՀԱՅ ԳԵՂՋՈՒԿ ՊԱՐԸ
Մարդկային կյանքի աչքի զարնող երեւույթներից մեկն էլ պարն է։ Պարն արտահայտում է յուրաքանչյուր մի ազգի բնորոշ գծերը, մանավանդ բարքն ու քաղաքակրթության աստիճանը. որովհետև, թեպետ մարդ պարում է ազատ կամքով, բայց մարմնի տեսակ-տեսակ շարժումներն ակամա մատնում են ներքինը։
Հայ պարերի արագությունն սկզբից մինչև վերջը միևնույնը չի մնում։ Սկսում է ծանր, կամաց-կամաց անցնում է դեպի չափավորը և ապա դեպի զվարթը, սկսում է կրկին հետզհետե ծանրանալ՝ զվարթից չափավորն անցնելով և չափավորից ծանրը։ Արագության համապատասխան էլ պարի եռանդն է աճում կամ նվազում։
Հայոց ազգային պարերը խմբական են։ Խմբապարը շատ խորունկ արմատ է ձգել հայ գեղջուկի մեջ, որ հինը պահում է և նորը հորինում։ Պարը բոլորում են կամ բռնում այսպես։ Պարողները մեկին ընտրում են պարագլուխ, որ սովորաբար, իրանց շրջանի անվանի ձայնեղն ու պարողն է լինում։ Խումբը կարող է լինել միասեռ կամ երկսեռ։

Հայ գեղջուկ պարերի ժամանակ, սովորաբար, նվագարաններ չեն մասնակցում (նվագարանների գործածությունը թեև մտել է, բայց օտար է. նվագարաններով պարելը տարածված է քաղաքներում և կամ առ առավելն սորա մերձակա գյուղերում, որոնք քիչ թե շատ շփում ունեն օտարներին). հայ ժողովուրդը պարում է երգելով։

Գյուղական շրջանումն ընդունված է սովորաբար, որ պարում են աղջիկներն ու տղաները, որպես և նորապսակները, իսկ հասակավորները՝ միայն հարսանիքներին։ Քաղաքներում, ուր գեղջուկ երգերն ու պարերը անցյալ ԺԹ դարու վաթսունական թվականներիցն են մուտք գործել(մանավանդ Կովկասում), պարում են մեծ ու պստիկ, ամուսնացածն ու ամուրին, ծերն ու պառավը, մի խոսքով՝ ամենքը. բայց արդեն գյուղական անմեղ ու բնական պարի բանաստեղծական բովանդակությունը դառնում է արվեստական և զվարճական։
Հայերը, առավելապես քաղաքացիները, պարում են նույնպես և օտար կովկասյան պարեր՝ նվագարաններով. որովհետև այս պարերը պարերգեր չեն, այլ լոկ պարեղանակներ՝ հարմարեցրած մենապարի և զուգապարի, որոնք հայկական չեն։ Եվրոպական պարերը տարածված են միայն քաղաքներում, այն էլ՝ քիչ թե շատ ունևոր շրջաններում։

ՊԱՐՆ ՈՒ ՄԱՆՈՒԿԸ
Պարն ամենահիմնական նշանակությունն ունեցող երևույթ մըն է. ամեն գեղարվեստ պարի մեջ կպարտակվի։ Իբրև շարժում՝ պարը շատ կարևոր դեր ունի ապագա դպրոցական կյանքի գեղարվեստական շարժումի մեջ, վասնզի պետք է գիտենալ, թե ամեն գեղարվեստ,- ինչպես՝ երաժշտություն, քանդակագործություն, ճարտարապետություն և այլն,- շարժում է։ Ամեն կյանքի մեջ պար կա։ Արդեն ամբողջ տիեզերքի կյանքը պար չէ՞։ Մարդկային կյանքին մեջ երկու տեսակ պար կա. մին՝ ուրախական, մյուսը՝ տխրական։ Թեեւ մարդիկ ներկայիս առաջինը կընեն, բայց հին ժամանակներում՝ տխրականն ալ տեղի կունենար, ինչպես մեր մեջ մեռելական պարեր, զորս հուղարկավորությանց ատեն կկատարեյին մեր նախնիք, իրենց տրտմության զգացումներուն համապատասխան շարժումներ առաջ բերելով։ Պարն ալ ձայնական երգի նման առաջանալով, ողբերգության հասած է, իր զարգացումն ունեցած է օպերայի մեջ՝ քաղաքակիրթ ազգերի մոտ։

Մտավոր զարգացումի աստիճանին վրա կը գտնվի պարի շարժումն ալ։ Ուրեմն ազգի մը քաղաքակրթությանն է կապված իր պարին շարժումներու զարգացումը։

Ուսուցիչ պարոններ ու քույրեր, զգուշությամբ և երկյուղածությամբ մոտեցեք դաստիարակության գործին. խիստ փափուկ պաշտոն մըն է ձերը։ Դաստիարակելու կոչված եք սերունդ մը, որ ապագա ազգն է։ Սխալ ուղղությամբ՝ ազգ մը կը խորտակեք վերջը։ 

Continue reading

Ազգային նվագարաններ.նախագիծ

Մարիամ Մնացականյան

IMG_5085

Նախագծային ուսուցման ստուգատես. հեղինակային կրթական ծրագրերի աշնանային ամենամյա ստեղծագործական 12-րդ հավաքին Մարիամ Մնացականյանի «Ազգային նվագարաններ» նախագծով  ներկայացված պարապմունքը՝  նկարաշարով: